90-ականներին ԼՂ հարցով ՌԴ միջնորդը զարմացել է, երբ 1994-ին ՀՀ-ն համաձայնել է զինադադարին

1994-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հրաման է տվել Լեռնային Ղարաբաղի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, Հայաստանը միացել է ավելի ուշ։ Այս մասին, Sputnik Armenia-ի փոխանցմամբ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով Ռուսաստանի նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ռուսական կողմի նախկին միջնորդ, Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

«Մայիսի 9-ին Բաքվում հանդիպում էր, ես որպես միջնորդ զանգահարեցի և Երևան, և Ստեփանակերտ՝ ներկայացնելու իմ պատրաստած կրակի դադարեցման համաձայնագիրը»,- պատմել է նա՝ նշելով, որ ներկա էր նաև Հեյդար Ալիևը, որը պաշտպանության նախարարին հրաման տվեց ԼՂ-ի հետ ստորագրել կրակի դադարեցման համաձայնագիրը։ Հայաստանն այդ ժամանակ դեռ չէր մասնակցում գործընթացին։

«Հետո Հեյդար Ալիևն ինձնից պահանջեց, որ աշխատեմ՝ Հայաստանին էլ միացնելու վրա։ Ես, ինչպես կարող էի, համոզում էի Ալիևին, որ այդ համարը չի անցնի, հայերի դիրքորոշումը շատ կոշտ է, նրանք հազիվ թե գնան դրան։ Ուղղակի հարգանքից ելնելով զանգեցի և ժամուկեսից հանկարծ գալիս է Հայաստանի համաձայնությունը։ Հայաստանը պատրաստ է միանալ զինադադարին՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև»,- մանրամասնել է միջնորդը։

Նրա խոսքով՝ այսպես հայտնվեց եռակողմ զինադադարը՝ հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ: Այդ տարիներին Ռուսաստանն առաջինը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ, ինչը, սակայն, չի նշանակում Ղարաբաղի ճանաչում որպես պետություն։ Ըստ Կազիմիրովի, սակայն, այն, որ Ղարաբաղը հակամարտության կողմ էր, կասկած չկար, քանի որ ԼՂ-ն ուներ իր զինված ուժերը, հրամանատարությունը և զգալի տարածք իր ԶՈւ վերահսկողության տակ: Ըստ այդմ՝ հակամարտության կողմ լինելու բոլոր նշանները կային: Այդ նշանները, ի տարբերություն ԼՂ-ի, չուներ ԼՂ ադրբեջանական համայնքը, նրանք չունեին բանակ, անգամ սեփական տարածք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *