«Աստված ես կանչում, նստում ղեկին, ինչ կլինի, կլինի․․․». ժամկետային զինծառայող Մելիքսեթյան

Պատերազմի թեժ օրերին հրաձիգ-զենիթահար, վարորդ Ներսես Մելիքսեթյանի մեքենան թշնամու կրակի տակ հայտնված ճանապարհներով շատ է անցել,Աստված է կանչել ու նստել ղեկին, թշնամու գնդակները հրաշքով միշտ շրջանցել են նրա մեքենան, զինվորն էլ անկատար առաջադրանք չի թողել: «Արմենպրես»-ը զրուցել է 44 օր կռիվ տված ու մեկ շաբաթով տուն վերադարձած զինվորի հետ:

Արցախի ՀՕՊ զորքերում ծառայող Ներսես Մելիքսեթյանը չի էլ պատկերացրել, որ սեպտեմբերի վերջին կիրակին պետք է այդքան տարբերվեր ծառայության ու նաև իր ապրած մնացած բոլոր կիրակիներից: Շարքային Մելիքսեթյանը ժամապահ էր կանգնած, երբ լուսադեմին լսել է առաջին կրակոցը: «Կիրակի էր, դեռ քնի ժամ էր մինչև 07:30-ը, զորքը քնած էր, բայց ձայնից բոլորն արթնացան: Ես էլ ժամապահ էի: Զորքին տագնապ տվեցինք, ամեն մեկը զբաղեցրեց իր դիրքը»,-հիշեց Ներսեսը:

Զինվորին բնորոշ կարգապահությամբ հրաժարվում է որոշ հարցերի պատասխանել. «Դա գաղտնիք է», «Սա չեմ կարող ասել»: Իսկ հարցին՝ երբևէ կմտածե՞ր, որ հենց իր ծառայության ընթացքում պատերազմ կսկսվի, անկեղծորեն է պատասխանում. «Մտքովս անցնում էր, ծառայության մեջ սկզբից մինչև վերջերս մտքովս անցել է, որ կռիվ է սկսվելու»:

Սակայն շարքային Մելիքսեթյանի մտքով չէր անցել, որ պատերազմը նման մեծ ծավալի կլինի: Հերոսությունների մասին ևս համեստորեն չի խոսում:

Վարորդ Մելիքսեթյանը պատերազմի թեժ օրերին մեքենայով տղաներին մի վայրից մյուսը շատ է տեղափոխել: Հարցին՝ չէ՞ր վախենում ամեն պահի հակառակորդի նշանառության վտանգի տակ հայտնվող ճանապարհներով անցնել, ինչպե՞ս է հաջողել, պատասխանում է.

«Ճիշտն ասած` չէի մտածում, եթե մտածես, ամեն բանից պիտի վախենաս: Եթե մտածես, որ ինչ-որ բան պիտի գա գլխիդ, չես կարող վարել: Եթե պետք է ընկնի, ուրեմն ընկնելու է: Աստված ես կանչում, նստում ղեկին, ինչ կլինի, կլինի: Վարելու ընթացքում ճանապարհի ուղղությամբ հարվածներ եղել են: Մեքենայիս ոչ մի բան չի կպել: Հրաշք է: Անցել եմ, գնացել, հետ գալուց տեսել եմ, օրինակ, խփել են, ծառը ընկել է ճանապարհի վրա: Աստծո կամքով ինձ ոչինչ չի եղել»,-պատմում է զինվորը:

Հետաքրքրվեցի նաև գրություններով հայտնի «Սնիկերս»-ներից, զինվորի դեմքին ժպիտ եկավ. «Ինձ էլ է երեք հատ թուղթ եկել. «Մանկավարժականի ՕԼՖ-ի (օտար լեզուների ֆակուլտետի-հեղ.) աղջիկները սպասում են ձեզ», մյուսը՝ «Ժպտա, որ հաղթենք…»:

Ծառայության մի մասը Շուշիում անցկացրած զինվորի հետ չէինք կարող չխոսել նաև բերդաքաղաքից: Ծառայության ընթացքում եղել է Ստեփանակերտում, Շուշիում, Աղդամում: «Բայց Շուշիի հետ շատ եմ կապված: Շատ եմ սիրում այդ քաղաքը, զինվորական երդման արարողությունս ևս Շուշիում է եղել: Ղազանչեցոց եկեղեցի եմ շատ գնացել: Հրաշք վայր»,-պատմում է զինվորն ու նշում՝ մտքով անգամ չի անցել, որ Շուշին մի օր էլ մերը չի լինի, սակայն հույսն ու լավատեսությունը ոչ մի դեպքում չի կորցնում:

Ասում է նաև, որ արձակուրդի՝ տուն գալիս Շուշիի կողքով է անցել, հարցնում եմ՝ ի՞նչ զգացողություն էր, պարզապես ցույց է տալիս ճանապարհից արված՝ Շուշիի ցուցանակի լուսանկարը՝ այս անգամ ոչ հայկական տառերով:

Հրադադարի երեք չպահպանված փորձերն աչքի առաջ ունենալով՝ կռվի վերջի մասին լուրերին Ներսեսը սկզբում չի հավատացել: «Ճիշտն ասած, որ 3 անգամ հրադադար է հայտարարվել, սպասել ենք ժամին, ժամը եկել է, կռիվը կանգնել է, մտածել ենք, որ վերջ, բայց րոպեներ կամ կես ժամ հետո նորից սկսվել է: Այս անգամ հարվածներ չկային, զանգեց ընկերներիցս մեկը, ասաց՝ կռիվը վերջացել է: Ասացի՝ ո՞նց է վերջացել, մի քիչ առաջ կռիվ էր գնում: Մտածեցի հրադադար է էլի, ամենաշատը 1 ժամով: Հետո կապվեցի մյուս հատվածների հետ, իմացա, որ մյուս տեղերում կրակոցներ ևս չկան: Հասկացանք, որ այս անգամ իսկապես վերջացել է»,-պատմում է զինվորը:

Զինվորների, զինակից ընկերների տրամադրվածության մասին հարցի պատասխանը շատ հստակ հնչեց. «Պաշտպանության բանակի, պաշտպանության նախարարության ժամկետային պարտադիր զինծառայողների, բոլորի «դուխը» եղել է տեղը, բոլորը կռվել են, որքան կարողացել են, նույնիսկ կարողացածից ավելի: Բանակն իր գործը նույնիսկ 10 անգամ ավելի արել է: Ժամկետային զինծառայողների շրջանում պանիկա չի եղել: Բանակն իրեն առաջադրված խնդիրները՝ 10 անգամ էլ ավելի, արել է: 90-ականներին էլ մարդիկ գնացել են, կռվել, զոհվել, ասել՝ թող ինձնից հետո հաջորդ սերունդն ապրի: Ու հիմա էլ լիքը տղաներ զոհվել են, ասել՝ ինձնից հետո հաջորդ սերունդը թող ապրի, ու այս հողի վրա ապրի»:

Ներսեսի ծառայության ավարտին երկու ամսից էլ քիչ է մնացել, ասում է՝ պատերազմից շատ բան է սովորել: «Զենքիդ պետք է շատ լավ տիրապետես, ծառայությանդ պետք է շատ լուրջ մոտենաս: Զինվորի ծառայությունը սուրբ պարտականություն է: Նախկինում, որ ասում էին, մտածում էինք խոսքեր են: Բայց իսկապես դա այդպես է: Պատերազմը շատ բան է սովորեցնում՝ թե կյանքում, թե հենց ծառայության մեջ: Շատ մարդիկ փոխվում են»,-ասում է նա:

Մեր զրույցի հաջորդ օրը Ներսեսը պետք է արդեն հետ վերադառնար Արցախ՝ ծառայությանը, հարցնում եմ՝ ուզու՞մ ես, կես կատակ- կես լուրջ պատասխանում է. «Այստեղ չեմ հարմարվում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *