Նա չէր հավատում, որ Ջաբրայիլի մարտից հետո կյանք կա. վիրավոր Սեյրանը նոր հրաշքի է սպասում. Armeniasputnik.am

Սեյրան Սողոյանն Արցախում վիրավորված զինվորներից մեկն է։ Հիշում է` ինչպես է բժիշկը մոտեցել, զննել, հարց տվել, բայց ինքը չի կարողացել պատասխանել։ Մտածել են` մահացել է, հրաման են տվել մահացածների մոտ տեղափոխել։

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ծնված 20-ամյա Սեյրան Սողոյանին ընդամենը 3 ամիս էր մնացել բանակում ծառայությունը վերջացնելու համար, երբ սկսվեց պատերազմը։ Մինչ այդ Սեյրանի միակ մտածմունքն այն էր, թե տուն վերադառնալիս որ հագուստին է փակցնելու ծառայության ընթացքում ստացած երկու մեդալը, որ ավելի գեղեցիկ լինի ու ուրախացնի ծնողներին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսվեց պատերազմը։ Որոտանում (Կուբաթլու) ծառայող տղաներն առաջինն էին, որ ուղևորվեցին Արցախի ամենակարևոր բնագծերից մեկը՝ Ջաբրայիլը պաշտպանելու համար։ Պատերազմի օրերին Սեյրանը վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու օպերատոր էր:

Ասում է` դժվար օրեր շատ են տեսել, բայց հաղթահարել են իրենց միասնության շնորհիվ։ Ճիշտ է` հայկական կողմն ունեցավ շատ կորուստներ` թե՛ մարդկային, թե՛ տեխնիկայի, բայց այդ ամենը գալիս էր ոչ թե զինվորների կազմակերպվածությունից, այլ անհավասար ուժերից։

«Վիրավորվելուս նախորդ օրը պատերազմական ընթացքի ամենածանր օրն էր. շատ մութ էր, հետո էլ հեղեղի պես անձրև էր գալիս։ Մոռացել էինք, որ թաց ենք, որ ցուրտ է, առաջ էինք գնում, բայց տեսանք, որ թշնամու կողմից ավելի քան 100 տանկ է մեզ վրա գալիս։ 2 տանկային վաշտով առաջ գնացինք ոչ թե ավելի վերադասի հրամանով, այլ մեր հրամանատարի, որովհետև թշնամին գալիս էր, իսկ մենք հրաման չէինք ստանում։ Հիշում եմ` կապիտան Ղազարյանը կապով մեզ հետ խոսում էր, ամեն տանկին խփելիս ասում` ապրեք, տղերքս։ Դրանից ավելի էինք ոգևորվում»,– պատմում է տղան։

Солдат-срочник Сейран Согомонян, учавствовавший в карабахской войне (2 декабря 2020). Еревaн

Սեյրանը հիշում է, որ երբ իր տանկը թշնամուն թիրախավորվելու ժամանակ խափանվեց, տանկի մեխանիկը` Արթուր Խաչատրյանն այդ պահին կարողացավ տանկի աշտարակի դիրքն այնպես փոխել, որ անձնակազմի կյանքը փրկվեց։

Ինչ–որ պահի Սեյրանն անձամբ է ղեկավարել տանկերի գործողությունները, հրամաններ տվել, ինչի շնորհիվ տանկի նշանառուներից Անդրանիկ Մանուկյանը և Սամվել Մաթևոսյանը 4-5 տանկ են խոցել։

«Այնքան հպարտ էի այդ պահին, ոչ մի բանի մասին չէի մտածում, բացի նրանից, որ չթողենք թշնամին առաջ գա։ Չեմ սիրում «ցավոք սրտի» արտահայտությունը, բայց ստիպված էինք նահանջել, քանի որ ուժերը խիստ անհավասար էին։ Մենք մեր տանկերով մի քիչ հետ գնացինք, ասեցին` պետք է մի օր սպասենք, հանգստանանք, բայց սպասելը շատ հարաբերական է, իսկ հանգստանալ չէր ստացվում․ մի աչքներս փակ, մյուսը բաց քնել էինք»,– պատմում է նա։

Ովքեր Ջաբրայիլում հարազատներ, ընկերներ ունեն, գիտեն հոկտեմբերի 5–ի իրադարձությունների մասին։ Առավոտյան թշնամին հրետանիով 3 կողմից՝ առջևից, աջից ու ձախից, հարձակում է գործել։

«Ասել, թե ծանր մարտեր էին, նույնն է, որ ոչինչ չասել։ Ջաբրայիլում ամենաշատ զոհերը հենց հոկտեմբերի 5–ին ունեցանք։ 100 տոկոսով վստահ էի, որ սաղ չեմ մնալու` կա՛մ պետք է վիրավոր լինեիր, կա՛մ մեռնեիր, որովհետև 3 կողմից թշնամին կրակում էր։ Անօդաչուները խոցեցին մեր տանկերից մի քանիսը։ Երբ նկատեցի, որ իմ վաշտից 2–ը վիրավոր են, մի ձեռքով մեկին, մյուս ձեռքով մյուսին գրկած տեղափոխեցի մեքենայի մեջ։ Նրանցից մեկին ասեցի` քեզ հեռախոսահամար ասեմ (հորս համարն էի տալիս), հասնես հիվանդանոց, կզանգես ու կասես, որ ես իրենց շատ եմ սիրում։ Ինքն էդ պահին խփեց ուսիս ու ասեց, որ չի ասի, ասեց` դու անձամբ կգնաս, կասես։ Էդ պահին աչքերիցս արցունքը գնաց, բայց չէ, չէի լացում»,– վստահեցնում է նա։

Солдат-срочник Сейран Согомонян, учавствовавший в карабахской войне (2 декабря 2020). Еревaн

Սեյրանն ընկերներին մեքենա տեղափոխելուց հետո դիրք է վերադարձել ու տեսել այն, ինչից ողջ պատերազմի ընթացքում վախենում էր։ Սեյրանի աչքի առաջ, նրա ձեռքերի մեջ զոհվել է ամենամոտ ընկերը։

Նարեկ Մեսրոպյանը կնոջ` Աննայի հետ

«Էդ պահին ընկերներս ինձ մի կողմ քաշեցին, հիշում եմ, որ տեսա` թշնամին մեծ ուժերով առաջ է գալիս, իսկ իմ տանկը բարձր դիրքում կանգնած է, հրամանատարին խնդրեցի, որ թույլ տա, գնամ, իմ տանկից կրակեմ, ասեց` չէ, տանկը նշանառման տակ է, վտանգավոր է… Ես առաջին անգամ չլսեցի հրամանատարիս, բարձրացա տանկի վրա ու չհասցրի ներս մտնել, թշնամին կրակեց։ Էդ պահից սկսած` ոտքերս չեմ զգում, գնդակը ողնաշարս է վնասել, թոքիս էլ էր կպել, բերանիցս արյուն էր գալիս, խոսել չէի կարողանում։ Միանգամից ընկա տանկի մեջ։ Մեխանիկն էնտեղ էր…»,- պատմում է Սեյրանը։

Հետո բացատրում է, որ տանկի աշխատանքի ընթացքում երբ խափանում է լինում, իրենք մեխանիկին, որը համարյա իրենց ոտքերի տակ նստած է, ոտքով նշան են անում, որ իրենց նայի։

Քանի որ ոտքերս չէի զգում, խոսել էլ չէի կարող, մի երկաթի կտոր աչքովս ընկավ, մեխանիկիս ուղղությամբ խփեցի, նայեցի ինձ, տեսավ, որ վիրավոր եմ, կապ տվեցին իրար, միայն հիշում եմ, որ ինձ տանկից հանեցին ու պառկեցրին գետնին, էդ պահին հանգիստ շունչ քաշեցի, ու աչքերս փակեցի»։

Սեյրանը լսում է, թե ինչպես է բժիշկն իրեն մոտեցել, զննել, հարց տվել, սակայն չի կարողացել պատասխանել, անգամ մատները շարժել չի կարողացել։ Մտածել են` մահացել է, հրաման են տվել մահացածների մոտ տեղափոխել։

«Հենց «մահացած» բառը լսեցի, մեջս ինչքան ուժ էր մնացել ասեցի՝ ես սաղ եմ։ Ու չգիտեմ ինչպես բժշկի ձեռքն եմ բռնել։ Ինձ արագ տեղափոխել են «Ուրալի» մեջ ու արագ քշել, որ թշնամին չհասցնի կրակել։ Այդ արագությունից ու քանդված ճանապարհներից մեջքս ջարդուփշուր էր լինում, շատ էր ցավում։ Մեքենայի մեջ մի տղա կար, Աստված տա` քայլեմ, ես իրեն պետք է գտնեմ։ Տեսավ, որ մեջքս ցավում է, ամբողջ ճանապարհին գրկեց ինձ ու մատերով աչքերս բռնել էր, որ չփակեի, եթե նա չլիներ, երևի այստեղ չէի լինի»,– ասում է երիտասարդը։

Սեյրանին տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց, հետո ուղղաթիռով` Երևանի «Էրեբունի» հիվանդանոց։ Բժիշկները, որոնց Սեյրանը հրաշագործներ է անվանում, կարողանում են նրա կյանքը փրկել։

Սեյրանի հարազատ քույրը «Էրեբունի» հիվանդանոցում է աշխատում, բայց տեղյակ չի լինում եղբոր վիրավորվելու մասին։ Գալիս է վերակենդանացման բաժանմունք ու տեսնում եղբորը, մահճակալի վրա գրված «անհայտ» բառը ու կորցնում իրեն։ Հետո պոկում է այդ գրությունը և գրում եղբոր անուն–ազգանունը։

Սեյրանը հավատում է Աստծուն ու հրաշքների գոյությանը, ասում է, եթե Ջաբրայիլից այստեղ է հասել, արդեն հրաշք է կատարվել։ Հիմա նոր հրաշքի է սպասում, հույս ունի, որ քայլելու է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *