Յոթ ախտանշան, որոնք հուշում են կոֆեինի չարաշահման մասին. Tert.am

Մարդկանց մեծամասնության համար կոֆեինն ամեն օր օգտագործվող տարրերից մեկն է, որը նրանք ստանում են սուրճի, թեյի ու շոկոլադի միջոցով։ Այս տարրի օգնությամբ շատերը պայքարում են քնկոտության դեմ և խթանում աշխատունակությունը։ Մասնագետները հաճախ են նշում, որ այն կարող է բավական օգտակար լինել օրգանիզմի համար, սակայն, ինչպես և ցանկացած այլ օգտակար տարր, կոֆեինը ևս կարող է վնասակար լինել չարաշահման դեպքում՝ հանգեցնելով մի շարք տհաճ ախտանշանների առաջացման։

Healthline բժշկական կայքը ներկայացրել է այն ախտանշանները, որոնք հուշում են կոֆեինի գերդոզավորման մասին։ Ստորև ներկայացված տհաճ ախտանշանների ի հայտ գալու դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել սննդակարգն ու սահմանափակել կոֆեին պարունակող մթերքի և ըմպելիքների գործածությունը։

Գերխթանում

Գլխացավերը, արագացած սրտխփոցը, դողն ու անհասկանալի դյուրագրգիռությունը հուշում են գերխթանման մասին։ Կոֆեինը բնական խթանող նյութ է, ուստի նման ախտանշանները կարող են պայմանավորված լինել կոֆեին պարունակող մթերքի չարաշահմամբ։

Քնի հետ կապված խնդիրներ

Օրգանիզմում հայտնվելուց հետո կոֆեինն այնտեղ կարող է մնալ երեքից հինգ ժամ, ինչը նշանակում է, որ օրվա երկրորդ կեսին օգտագործված կոֆեինը կարող է երեկոյան քնի հետ կապված խնդիրներ առաջացնել՝ թույլ չտալով քուն մտնել կամ դարձնելով քունը չափազանց անկայուն։ Նման խնդիրներից խուսափելու համար երեկոյան ժամերին խորհուրդ է տրվում խուսափել սուրճից, թեյից, շոկոլադից կամ կոֆեին պարունակող այլ մթերքից։

Հոգնածություն

Սուրճը հայտնի է որպես էներգիա հաղորդող ըմպելիք, սակայն դրա չարաշահումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ՝ հանգեցնելով անբացատրելի հոգնածության։ Բանն այն է, որ այն վատթարացնում է քնի որակը, ինչի հետևանքով հաջորդ օրը կարող է գերհոգնածություն նկատվել։ Նման վիճակը կարող է մշտական բնույթ կրել, եթե սուրճը կիրառվում է պարբերաբար և երկար ժամանակ։

Ստամոքսի խոցի ախտանշաններ

Սուրճը կարող է գրգռել աղիների նուրբ լորձաթաղանթը՝ դառնալով տհաճ զգացողությունների առաջացման պատճառ։ Նման դեպքերում կոֆեինի գերդոզավորման մասին կարող են հուշել այնպիսի տհաճ ախտանշանները, ինչպիսին են սրտխառնոցը, թթվային ռեֆլյուքսն ու ստամոքսի այրոցը։

Որովայնի ցավեր

Դատարկ ստամոքսին սուրճ խմելու սովորությունը ևս կարող է ի վերջո դառնալ տհաճ խնդիրների զարգացման պատճառ։ Նման սովորության դեպքում կարող են ի հայտ գալ ախտանշաններ, որոնք նման կլինեն մարսողության խանգարման մասին հուշող ախտանշաններին։

Սթրես

Գիշերվա ժամերին ինչ-ինչ պատճառներով կոֆեին պարունակող մթերքի կանոնավոր գործածությունը կարող է դառնալ լուրջ սթրեսի պատճառ՝ օրգանիզմում զգալիորեն բարձրացնելով սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը։

Մաշկի վիճակի վատթարացում

Սուրճն օժտված է միզամուղ հատկություններով, ինչի պատճառով դրա գործածության դեպքում մարդու օրգանիզմը սովորականից ավելի շատ հեղուկ է կորցնում և կարող է անգամ ջրազրկվել։ Մեծ քանակությամբ խոնավության կորուստն առաջին հերթին խիստ բացասաբար է անդրադառնում մաշկի վրա՝ թուլացնելով այն ու դարձնելով գունատ ու խամրած։ Այս խնդիրը կարող է հանգեցնել նաև շրթունքների ու քթի լորձաթաղանթի չորացման, ուստի նման ախտանշանները ևս չի կարելի անտեսել։

Աղբյուրը՝ Tert.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *