Ադրբեջանը գերեվարված խաղաղ լիբանանահային ահաբեկչության մեղադրանք է ներկայացրել

Ադրբեջանը մշտապես թիրախավորել է լիբանանահայերին և սիրիահայերին՝ փորձելով նրանց պաշտոնապես ներկայացնել որպես ահաբեկիչների՝ չխնայելով անգամ Բեյրութում օգոստոսի 4-ին պատահած խոշոր աղետից տուժածներին։ Այդ ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և փորձել լիբանանահայ մի քանի ընտանիքի Արցախ տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում։

Դեկտեմբերի 2-ին էլ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է Ադրբեջանի կողմից գերեվարված երկու լիբանանցու մասին, որոնց մեղադրել է «ահաբեկչական գործողություններ կատարելու համար»։ Փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Կառույցը հայտարարել է, որ Լիբանանի երկու քաղաքացի Վիգեն Էուլջեկչյանը և Հովակ Քիքիյանը «ձերբակալվել են «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» (նկատի ունի Լեռնային Ղարաբաղում-խմբ․), և իբրև թե հետաքննության ընթացքում ձեռք են բերվել «հիմնավոր կասկածներ»՝ նրանց մարտական գործողություններին մասնակցելու և ահաբեկչական գործողություններ կատարելու հարցերով։

Ըստ ՊԱԾ-ի՝ գերեվարվածների թվում կան նաև օտարերկրացի այլ քաղաքացիներ։

Վիգեն Էուլջեկչյանը մեղադրվում է 5՝ վարձկանության, ահաբեկչության, հրազենային զենքերի և զինամթերքի անօրինական իրացման, անօրինական զինված խմբավորումների ստեղծման, Ադրբեջանի սահմանն ապօրիանաբար հատելու հոդվածներով։ Հովակ Քիքիյանին մեղադրանք առաջադրելու մասին հիշատակում չկա։ Նշվում է, որ հետաքննություն է ընթանում։

Էուլջեկչյանը եղել է այն մարդկանց թվում, որոնք ընտանիքով Արցախ էին տեղափոխվել՝ արտոնյալ պայմաններով բնակություն հաստատելու։

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խոսնակ Ամալյա Կարապետյանը հայտարարեց, որ այս պահին տիրապետում են ադրբեջանցիների կողմից երկու գերեվարվածի անձնական տվյալների։ Նրանցից մեկը հենց Վիգեն Էուլջեկչյանն է, որը խաղաղ բնակիչ է եղել և գերեվարվել է նոյեմբերի 10-ին Շուշիում։

Մյուսը Վիգեն Էուլջեկչյանի բարեկամ Մարալ Նաջարյանն է՝ կին։

«Մեր գրասենյակում ունենք այս երկու լիբանանահայի անհետացման մասին տվյալները, ենթադրաբար` գերեվարվել են Շուշիում նոյեմբերի 10-ին, երբ Գորիսից մեկնել են՝ իրենց իրերը վերցնելու, և այդ ընթացքում Շուշին փաստացի գտնվել է Ադրբեջանի տիրապետության տակ»,- ասաց նա՝ նշելով, որ դա փաստացի եղել է հայտարարության ստորագրման հաջորդ օրը։

Մարալ Նաջարյանի հեռախոսը վերջին անգամ միացված է եղել նոյեմբերի 24-ին։

«Թուրք կամ ադրբեջանցի տղամարդ է պատասխանել, ապա նամակի միջոցով հայտնել է, որ Մարալը գերի է, ապա ասել է՝ սպանված է, և այլ տեղեկատվություն չի տրամադրել, սպառնացել է, որ այլևս չզանգահարեն։ Իսկ Վիգենի հետ մինչ այս որևէ կապ հաստատել հնարավոր չի եղել»,- նշեց Կարապետյանը։

Թե Նաջարյանը, թե Էուլջեկչյանը եղել են բացարձակ խաղաղ բնակիչներ, և ոչ թե ահաբեկիչներ։

Երրորդ անունը, որը հիշատակվում է Ադրբեջանի պետական ծառայության հաղորդագրության մեջ, անծանոթ է գրասենյակին․ «Նոր անվան հետ կապված` դեռևս ամբողջական տեղեկատվություն չունենք անհետացման պայմանների մասին»։

«Երկու դեպքում էլ ընտանիքի անդամներն են մեզ դիմել և պատմել են եղելությունը։ Մենք հնարավորը հավաքել ենք և տրամադրել ՄԻՊ գրասենյակներին և Հայաստանում Լիբանանի դեսպանատանը»,- ասաց գրասենյակի ներկայացուցիչը։

Գրասենյակը հետաքննում է և փորձում հասկանալ, թե ինչ տարբերակներով է հնարավոր պատկան մարմինների միջոցով օգնել գերեվարված լիբանանահայերին և նրանց ընտանիքներին։

Նաջարյանի հարցով Լիբանանի կառավարությունը միջնորդություն է ներկայացրել Բեյրութում Ադրբեջանի դեսպանություն և պահանջել ներկայացրել տեղեկություններ իր քաղաքացու ճակատագրի և անվտանգության վերաբերյալ։

Ամալյա Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ գերեվարված լիբանանցիների անունները համացանցում հրապարակելը օգնում է ադրբեջանական կողմին նույնականացնել նրանց, ինչը վտանգավոր է հենց նրանց անվտանգության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *