«Միայն մի բան եմ խնդրում. լա՛վ նայեք ձեզ, միշտ ժպտացե՛ք ու ուրա՛խ եղեք». Սա Սամվելի՝ բոլորիս ուղղված հորդորն է․ Hayzinvor.am

Մեր ընթերցողները կհիշեն թերևս այս պայծառ զույգի լուսանկարը՝ 2020 թ. Նոր տարվա գլխավոր տոնածառի մոտ և կհիշեն համացանցի միջոցով ծանոթացած երիտասարդների սիրո գեղեցիկ պատմությունը, Թուրքիայից ինքնակամ ծառայելու եկած Սամվելի խոհերն ու տրամադրությունները: Ինը տարեկանից Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրած Սամվելը Ապրիլյան քառօրյայից հետո հանգիստ չէր. հոգով ու մտքով անընդհատ Հայրենիքում էր: Ի վերջո, զենք վերցնելու ու իր երկիրը պաշտպանելու երազանքը, հաստատակամությունը, նաև Մարիետայի հանդեպ խորը զգացմունքը նրան բերեցին Հայաստան:

Երիտասարդների հանդիպման առաջին օրը, Հանրապետության հրապարակում, Սամվելը լուռ ու երկար նայել էր անցուդարձ անող մարդկանց, ուրախ վազվզող երեխաներին ու ասել. «Ո՞նց կարող էի չգալ՝ պաշտպանելու այս հողը, այս երեխաներին: Ինձ ո՞նց կներեի, եթե չգայի…»: Աղջկա սիրտը Սամվելի շնորհիվ Հայրենիքի հանդեպ մի նոր սիրով էր լցվել. «Այսօր, երբ Սամվելն արդեն չկա, ու նրա կորուստը այլևս ոչինչ չի լրացնի ինձ համար, երբ մեր զինվորները կյանքի գնով պաշտպանում են Արցախը, չեմ կարող իր նման խորը չզգալ մեր պայքարի կարևորությունը: Մենք Հայաստանում ապրելու, մեր ապագան կառուցելու շատ մեծ ծրագրեր ունեինք… Այդ ամենը մի վայրկյանում ի չիք դարձավ… Բայց այս ամենից հետո Հայաստանն ու Արցախն ինձ համար բոլորովին ուրիշ մի Սրբություն են: Նախկինում, երբ նայում էի այն կանանց, աղջիկներին, ովքեր իրենց սիրելիներին էին կորցնում, ապշում էի՝ ինչպե՞ս կարելի է ապրել դրանից հետո… Ինչպե՞ս կարող են դիմանալ այդ մե՜ծ ցավին: Հիմա հասկանում եմ, որ պարզապես չեն կարող չդիմանալ… Ինձ ուժ է տալիս այն միտքը, որ նա այստեղ՝ Հայրենիքում, անելիքներ ուներ, որ հիմա ես պետք է փորձեմ անել: Իր մամայի կողքին լինելու, նրա մասին հոգալու պարտավորվածությունն է ինձ պահում: Սամվելն ինձ համար ամեն-ամեն ինչ էր… Բայց, զգում եմ, որ իմ ներսում հիմա երկու սիրտ է բաբախում…»:

Երկրորդ անգամ գեղեցիկ այս զույգին սիրով անդրադարձել էի այս տարվա փետրվարին՝ Սուրբ Սարգսի տոնին, երբ ի թիվս մի քանի այլ զինվորների՝ որպես լավագույն զինծառայող, Սամվելը արձակում էր ստացել, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցում էր պարգևատրման ու երիտասարդների օրհնության արարողությանը: Պաշտպանության նախարարությունից Մարիետային էլ էին հրավիրել. ներկա էր հատուկ այդ առիթով Թուրքիայից եկած Սամվելի մայրը՝ Հասմիկը: Ամիսներ շարունակ որդուն չտեսած մոր հպարտությունն անչափելի էր:

Երբ արդեն զորամաս վերադառնալու ժամանակն էր, Սամվելը հիվանդացել էր. 40 աստիճան ջերմությամբ ճամփա էր ընկել՝ անտեսելով բուժկետ դիմելու հարազատների խնդրանքը: «Կգնամ, էնտեղ կբուժվեմ»,- ասել էր:

Սա Սամվելի մասին երրորդ անդրադարձս է: Երրորդ և… վերջին: Աներևակայելի պայծառ, բարի, եռանդուն, երազկոտ ու խելացի այս երիտասարդը անմնացորդ նվիրվեց Հայրենիքին, գրկեց իր շատ սիրած Արցախ աշխարհի հողն ու անմահացավ…

…«Միայն մի բան եմ խնդրում. լա՛վ նայեք ձեզ, միշտ ժպտացե՛ք ու ուրա՛խ եղեք»: Սա Սամվելի՝ բոլորիս ուղղված հորդորն է: Զորամասից պարբերաբար ուղերձներով իր ինստագրամյան տասնյակ հազարավոր հետևորդներին էր դիմում, կիսվում իր հուզառատ մտորումներով…Առանց թախծի անկարելի է հիշել Սամվելին, բայց թող այն անպայման լուսավոր լինի, ինչպես լուսավոր էր ինքը՝ մեր քաջարի զինվորը…

Սամվել Մարուքյան… Հիմա առավել, քան երբևէ, վստահ եմ, որ նրա՝ Թուրքիայից վերադառնալու, հայկական բանակում ծառայելու որոշումը նախանշված էր: Նա ներքուստ երևի զգում էր, որ Հայրենիքին շուտով մեծ վտանգ է սպառնալու, և որ ինքը մյուսների հետ պետք է իր լուման ունենա այս հերոսամարտում: Եթե ծառայելու եկած չլիներ, վստահ եմ՝ պատերազմի լուրն առնելուն պես շտապելու էր Հայրենիք…

ՍԱՄՎԵԼԻՆ ՄԻԱՅՆ ԺՊԻՏՈՎ ՀԻՇԵՆՔ…

«…Երազում էր վրեժ լուծել Ապրիլյանում մեր զոհված հերոս տղաների արյան համար: Հպարտ էր, որ հենց Արցախում է ծառայում,- պատմում է Մարիետան,- զորամասում հետախուզության կապավոր էր: Բոլորը գիտեին նրա բարձր պատասխանատվությունը: Խոսքերով դժվար է ասել, թե ինչ էր Սամվելի համար Հայաստանը: Ամեն մի քարը, թուփը, հողը, անձրևոտ, արևոտ օրը, էլ չեմ ասում՝ մարդիկ, հայ երեխաները նրա անվերջ հիացմունքի առարկան էին…

Արայիկը՝ Սամվելի ընկերը, որ նրա հետ է եղել դեպքի պահին, վիրավոր է: Նա է պատմել մամային (Սամվելի մորը), թե ինչպես 27-ի գիշերվա կեսին Արայիկին ասել է՝ «Գնա՛նք, մոմ վառենք մատուռում»: «Բայց մոմ չեմ վերցրել, Սա՛մ»: «Ոչինչ, ես շատ ունեմ, գնա՛նք»: Սամվելը բոլոր տղաների համար հատ-հատ մոմ է վառել:

Սամվելի մասին միայն լավն են հիշում նրա ծառայակիցները, ասում են՝ նրա նման մաքուր մարդ չեն տեսել: Մաման պատմեց, որ Թուրքիայից եկած մանկության ընկերոջ՝ Էդգար Ցոլակյանի հետ էր ծառայում: Երբ Էդգարն իմացել էր Սամվելի զոհվելու լուրը, նույնիսկ հրամանատարը չէր կարողացել զսպել նրան: Ինքը ձեռնարկել ու հաջողել էր թուրքերին ծուղակի մեջ գցելու ու ոչնչացնելու պլանը: Ադրբեջանցիներն այդ օրվանից հետո լիուլի զգացել են Էդգարի ցասումը. ամեն մեկին վերացնելիս ասել է. «Սամոյիս վրեժն ի կատա՛ր»: Հիմա նա էլ չկա…

Երեկ տիկին Զոյան էր այցելել մեզ: (Տիկին Զոյան Սամվելի զորամասի մոտ ապրող տեղաբնակներից է: Հարազատացել էին Սամվելի հետ, հարազատ որդու պես նայում էին նրան): Եկավ ու ասաց. «Մա՛ր ջան, պիտի դիմանաս, ո՛չ առաջինն ես, ո՛չ էլ վերջինը, պետք է դիմանա՛ս»: Նայեցի աչքերին, լռեց… հետո ասաց. «Հա՛, իրոք որ, առաջինն ես…». Սամվելը զորամասի առաջին զոհն էր…

Ինձ ասում էր. «Գալու եմ՝ ամուսնանանք»: Գիտեինք, թե ինչ դժվար ճանապարհ էինք անցնելու. պիտի զրոյից սկսեինք ամեն ինչ: Բայց ոչ մի վայրկյան չէր կասկածում, որ ամեն ինչ լավ է լինելու: Մարտ ամսին գրել էր. «Մա՛ր, ես գիտեմ, որ հողի տակ էլ լինեմ, դու միայն իմն ես լինելու, միակ մարդն ես այս աշխարհում, որի հանդեպ այսքան էգոիստ եմ: Բայց չեմ կարող ուրիշ կերպ: Սիրում եմ շատ…»: Ամսի 25-ին ճամբարից գրեց.

«Սիրում եմ քեզ: Քեզ միշտ լավ նայիր: Գլուխդ միշտ բա՛րձր քայլիր: Ու միշտ, միշտ ժպտա: Ասածներս չե՛ն քննարկվում…»: Այս նամակից շատ անհանգստացա: Ասացի՝ «Աստված հետդ լինի, Սա՛մ»: Պատասխանեց. «Աստված մի՛շտ ինձ հետ է: Մի՛շտ»: Հաջորդ օրը՝ ամիս 26-ին, բարձրացել էին դիրքեր: Մինչև բարձրանալը տեսազանգով խոսեց. «Լավ է լինելու, Մա՛ր ջան: Մենք միշտ իրար հետ ենք լինելու: Մինչև ճակատագիրը մեզ չբաժանի, ոչինչ մեզ չի բաժանելու»: Հիմա կարդում եմ նրա գրառումներն ու զարմանում. «Մոռանալու համար չապրել է պետք: Բայց, մի՛ մոռացիր, որ երկնքում էլ կյանք կա…»:

Այնքան լացկան եմ եղել. մի անիմաստ բանից կարող է օրերով նեղսրտեի, լացեի: Մի օր Թուրքիայում թեթև վիճել էինք, ուղիղ 24 ժամ լաց էի լինում: Հիմա որպեսզի աչքիցս մի կաթիլ արցունք գա, չգիտեմ, ինչ պետք է լինի. սիրտս քարացել է: Դա ամենակարևոր բանն էր, որ նրան հաջողվեց փոխել իմ մեջ: Ամսի 25-ին ինձ գրել էր. «Ամեն տեղ, ամեն մեկի առջև արցունք չթափես: Քո մեջ պահիր»: Հիշում եմ նրա խոսքերն ու ապշում ինքս ինձ վրա. ինչպե՞ս եմ կարողանում չլացել: Բացի սրտից, իր անսպառ ուժն էլ փոխանցեց ինձ …Ոնց ինքն էր կատարյալ, ուզում էր, որ իր կողքի մարդիկ նույնը լինեն: Ծանոթ-անծանոթ՝ բոլորի մասին մտածում էր: Իր համար ամեն ինչ հարթ էր. ամեն ինչ լավ էր ու ճիշտ. երբեք ոչնչից չէր դժգոհում: Բոլոր մարդիկ լավն էին: Եթե մեկի հասցեին որևէ նախատինք լսեր, անմիջապես կկասեցներ. «Իր կյանքն է. մի՛ քննադատեք, ոչինչ մի՛ ասեք»: Մաման հիմա ասում է. «Սամվելս պրծավ այս դաժան կյանքից: Դաժան օրեր ենք ապրում. նրա համար հատկապես ծանր էր լինելու իր ընկերների կորուստը, այսքան մահերը…»:

Հիմա նայում եմ մեր կռվող տղաներին ու զարմանում: Իդեալական են բոլորը: Սամը միշտ ասում էր. «Մա՛ր, էնքան լավն են տղերքը, էնքա՜ն լավ ընկերներ ունեմ»: Երբ մաման հարցնում էր՝ «Ի՞նչ ուղարկեմ», հերթով թվարկում էր, թե ընկերներից որին ինչ է պետք:

Կարծում եմ՝ ամեն ինչ նախասահմանված էր. եթե ես Ջաբրայիլից գալու ճանապարհին չհանդիպեի Շուշանին, նա քեզ չպատմեր մեր մասին, չկապեր մեզ իրար, քո նյութը չէր գրվի, մայրը նրան երդման արարողությանը վերջին անգամ տեսած կլիներ…

Աշխարհի ամենալավ պապան էր լինելու. ես երազում էի մայրանալ… Շատ եմ ուզում նրան երազում տեսնել. նա ինձ անպայման հուշումներ կանի, թե ինչպես եմ ապրելու հետագա կյանքս: Մի անգամ երազումս եկավ, ասաց. «Մա՛ր, ինձ հետ ամեն ինչ նորմալ է: Միայն թե՝ ո՛չ ինտերնետ կա, ո՛չ հեռախոս… Դեռ կխոսենք»:

Սամվելի մայրը՝ Հասմիկը, հիմա Հայաստանում է: Որդու կամքն է կատարում, Հայաստան տեղափոխվելու հարցերն է լուծում: Սամվելը ծառայության գալուց հետո միշտ մորը հորդորել է. «Բոլորովս ապրելու ենք Հայրենիքում»:

«Աստված իմ Սամվելին ինձնից շատ սիրեց. իր մոտ՝ որպես հրեշտակ տարավ…,- այսպես է սկսում մեր զրույցը Հասմիկը,- իրոք, հրեշտակ էր: Վերջերս, երևի, իր սիրտն էլ վատ բան էր գուշակում: Իմ սիրտն էլ էր զգացել. երազ տեսա: Փոքրիկ էր: Ձեռքից բռնեցի, ընկանք քարքարոտ մի ճանապարհ: Մութ, խավար, ծխի մեջ կորած: Մի կերպ այդ քարքարոտ ճանապարհից դուրս եկանք ու ինչ-որ հնամենի մի տեղ ընկանք…: Այդ օրերին անընդհատ տագնապ կար մեջս, տնից անընդհատ դուրս էի նետում ինձ: Ականջիս ձայներ էին լսվում. «Մա՜մ, մա՜մ…»: Ամսի 28-ին Սամվելիս անունը կարդացի ցուցակում…»:

… Կյանքում երբեք որևէ բանից դժգոհելիս չեմ տեսել նրան: Եթե ինչ-որ բանից տխրեր, գնում էր, ծովափին նստում, մի քիչ մտածում ու բարձր տրամադրությամբ գալիս էր տուն: Ինձ նույնիսկ ծննդաբերության ժամանակ ցավ չի պատճառել…

Ամբողջ Թուրքիայով շրջում, գտնում էր հայկական եկեղեցիներ, լուսանկարում ու դնում էր իր բլոգում. ապրում էր այդ ամենով: Թուրքի մոտ էր աշխատում՝ որպես ոսկերիչ: Արտադրամասում, բացի իրենից, բոլորը թուրքեր էին: Բա՜րձր միացնում էր հայկական հայրենասիրական երգերն ու երգելով աշխատում… Հայաստան գալուց հետո ասում էր. «Մա՛մ ջան, պետք է հպարտանաս, որ ես Արցախում եմ ծառայում»: Վերջին օրերին էլ անընդհատ գրում էր. «Միշտ իմացե՛ք, դուք որ լավ լինեք, ես լավ կլինեմ»: Ոչ մի անգամ ծառայությունից չի դժգոհել. ասում էր. «Մա՛մ, շատ լավ եմ, էնպիսի եղբայրներ ունեմ, էնպիսի՜ շրջապատ եմ ստեղծել»:

Մինչև ծառայության մեկնելը յոթ եկեղեցում մոմ էր վառել: Մեկնելու առավոտյան, որ եկեղեցում մոմ էր վառել, այդ եկեղեցուց էլ նրան ճանապարհեցինք… Անչափ մեծ էր նրա հավատքը, շա՜տ մեծ, ու ես գիտեմ՝ նա հիմա ամենավստահելի Ձեռքերում է»:

«Հիմա ի՞նչն է քեզ Հայաստանում պահում, Հասմի՛կ ջան»,- հարցնում եմ: «Սամոս, իհարկե՝ Սամոս: Ամեն զանգելիս ասում էր. «Մա՛մ, էնպես արեք, մինչև ծառայությունս ավարտվի, տեղափոխվեք Հայաստան»: Նրա մեծ երազանքն էր: Քրոջս որդուն՝ Ալենին շատ էր սիրում: Ասում էր՝ երազում եմ, որ զորամասի դարպասներից դուրս գամ՝ Ալենս ինձ դիմավորի: Բոլորս այսօր այստեղ, Հայրենիքում ենք. իր բոլոր երազանքները պիտի իրականացնենք: Ասում էր. «Քար առ քար իմ տունն եմ շարելու. Հայաստանումս պետք է իմ տունն ունենամ»: Ամեն ինչ կանեմ, որ այդ տունը ստեղծենք»:

Պատմում է Սամվելի ծառայակից ընկերը՝ Արայիկ Ամիրխանյանը. «Դիրքերում մարտ էինք մղում, երբ հրաման ստացանք՝ օգնության գնալ մոտակա դիրք, որը ավելի ծանր հարձակման էր ենթարկվել: Նստեցինք մեքենան, որ գնանք մեր ընկերներին օգնության: Հինգ րոպե ճանապարհ էինք անցել, երբ հանկարծ զգացինք, որ մեքենան տարուբերվում է. ադրբեջանցիների տանկն էր գնդակոծում. մեր մեքենան բառիս բուն իմաստով ցանց դարձավ…Երկու զոհ ունեցանք: Առաջինը Սամվելն էր…»: Հերթական հարվածի ժամանակ արդեն վիրավոր Արան փորձել է զրահաբաճկոնից բռնել, ցած քաշել Սամվելին, որ մի պահ վեր է կացել նստած տեղից: Բայց չի հասցրել: Խփել են: Ընկերները Սամվելին տարել են իրենց դիրքի գետնատնակը, որտեղ վեց րոպե է ապրել: Արայի ձեռքը բռնած՝ խնդրել է. «Մամայիս զանգի՛ր, խոսեմ. ուզում եմ ձայնը լսել…»: Չեն կարողացել. հեռախոսը վնասված է եղել, արնաշաղախ: «Մորս լա՛վ կնայես, Արա՛ ջան»,- հերոս զինվորի վերջին խոսքերն են եղել:

«Սամոյիս հետ ծանոթացել եմ դեռ կարանտինի ժամանակ,- պատմում է Արայիկը,- բայց ավելի լավ, ավելի մոտիկից ճանաչեցի, երբ մեր դասակ եկավ: Դասակի հրամանատարը որոշեց՝ որպես ամենապարտաճանաչ, իր գործի գիտակ զինվոր նրան հետախուզության կապի պատասխանատու նշանակել: Իրեն պետք չէր ուղղորդել. հստակ գիտեր անելիքը: Գիշերներ էին լինում՝ արթուն էր լուսացնում: Միասին դիրքեր ենք պահել… Բոլորից իր պահվածքով, մարդկային տեսակով տարբերվում էր: Այդ գիշեր, երբ գիտեինք, որ մյուս առավոտ հարձակում է լինելու, գնացինք մատուռ, մոմ վառեցինք երկուսով: Դիրքերի բոլոր տղաները մեզնից հետո հերթով գնում, մոմ էին վառում, չնայած նա արդեն բոլորի համար վառել էր… Շատ էր երազում հարազատների վերադարձը Թուրքիայից: Երազում էր ծառայության ավարտից հետո ամուսնանալ, երեխաներ ունենալ. անչափ սիրում էր Մարիետային»:

…Հիմա Արան հաճախակի զանգում է Հասմիկին. «Մա՛մ ջան, ո՞նց ես»: «Կարծես Սամվելս իրենից մի մասնիկ թողած լինի Արային…,- այսպես է զգում Հասմիկը:- Ասում է. «Մա՛մ ջան, ես քո տղեն եմ. արդեն երկու մամա ունեմ: Սամոյին խոստացել եմ, մինչև կյանքի վերջ քո կողքին կանգնած կլինեմ»: Երեկ էլ Արայի հայրն էր մեզ այցելել. «Իմ տղան քո տղան է: Իմ թոռը քո թոռն էլ է լինելու: Խոստանում եմ, որ քեզ էլ է տատիկ ասելու»: Այնքա՜ն մարդ մեզ այցելեց այս օրերին: Քառասունքի օրը, գիտե՞ս, կարծես ուրախություն լիներ մեր տանը: Ես զգում էի, որ Սամվելս ուրախ է: Ճիշտ է՝ լացում էի, տխրում, արցունքներս խեղդում…Բայց նրա ցանկությունն է, որ չտխրենք, որ ուրախ լինեն մեր սրտերը… Մենք հենց այդպես էլ փորձելու ենք անել: Իմ որդին ուրախ ու պայծառ մարդ էր…»:

…Դեռ շատ թարմ ու ցավոտ էր վերքը: Նոր էին առել մահվան բոթը: Այդ օրերին՝ Մարիետայի հետ մեր խոսակցություններից մեկի ժամանակ երիտասարդ աղջիկն ինձ ասաց. «Քնա՛ր, չմտածես, ինքնասպանություն չեմ գործի. ես գիտեմ, որ այդ կերպ նրան երբևէ տեսնելու, նրա կողքին լինելու վերջին հույսից էլ կզրկվեմ: Գիտեմ՝ դա աններելի մեղք է»: Օրեր անց զանգեց. «Քնա՛ր, խնդրում եմ, ասա՛, ինչո՞վ կարող ենք օգտակար լինել. ինչո՞վ օգնենք մեր հաղթանակին: Եղվարդում երկհարկանի տուն ունենք. Արցախից եկած ընտանիքներ թե լինեն, ուղարկի՛ր. շատ տեղ ունենք…»: Անմիջապես մի բարեկամի էր գտել, որի կարի արտադրամասում սկսել են որակյալ անձրևանոցներ ու քնապարկեր կարել, ուղարկել առաջնագիծ…

…Նոյեմբերի 14-ը Սամվելի ծննդյան օրն է… Ընտանիքը որոշել է տորթով այցելել Սամվելին: Ալենը՝ մորաքրոջ հնգամյա որդին, ասել է. «Ես Սամվելի փոխարեն կփչեմ մոմերը…»:

Hayzinvor.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *